Վուլֆիլա, Ուլֆիլա (գոթերեն՝ 𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰𐍃) (մոտ 311-մոտ 383 թվականներ), վեստգոթերի եկեղեցական գործիչ։ Սերում է Կապադովկիացի քրիստոնյա ընտանիքից, որ գերեվարվել է 267 թվականին, դանուբյան գոթերի արշավանքներից մեկի ժամանակ։ Մոտ 341 թվականին Կոստանդնուպոլսում եպիսկոպոս-արիոսականի (արիոսականություն՝ քրիստոնեության մեջ առանձին ուղղություն, որ հիմնադրել է հույն քահանա Արիոսը) կողմից Վուլֆիլան ստացել է «գոթերի եպիսկոպոսի» աստիճան։ Հետագայում քրիստոնեություն (արիոսականության ձևով) է քարոզել գերմանացի ցեղերի մեջ։ Վուլֆիլան համարվում է գոթական այբուբենի ստեղծող և Աստվածաշնչի մեծ մասի գոթերեն թարգմանության հեղինակ (որ որոշ հետազոտողներ դնում են կասկածի տակ), այդ թարգմանության պահպանված պատառիկները մեռած գոթերենի հնագույն հուշարձաններ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 534)։